Հղումներ Վրացական ոտնձգություններ Ադրբեջանական ոտնձգություններ Ծառայություն Եկեղեցուն Հայկական հուշարձաններ Մենու 6 Հավորժության ճամփորդը Պարգևներ
ՀՀԳԱԱ ԱԿԱԴԵՄԻԿՈՍ ՎԱՐԱԶԴԱՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԿԱՅՔ
Ընտանիք   Հարազատներ   Պատանեկություն   Վանեցիների հայրենակցական միություն   Հայկական երգերի կատարումներ   
ԴՈՒՍՏՐ` ԿԱՐԻՆԵ ԱՂԱԲԵԿՅԱՆԻ ՀՈՒՇԵՐԸ

Վարազդատ Հարությունյանի դուստրը` Կարինե Աղաբեկյանը, ճանաչված երգեհոնահար է և արձակագիր: 1968 թ. ավարտել է Կոմիտասի անվան կոնսերվատորիան (դաշնամուր, երգեհոն): Որպես երգեհոնահար ուսանել է Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ասպիրանտուրայում (1972-1974թթ): Կատարելագործման դպրոցներ` Լեոնիդ Ռոյզման (Մոսկվա), Լեո Կրեմեր (ԳՖՀ): 1980-1995 թթ. որպես Հայաստանի ֆիլհարմոնիայի մենակատար հանդես է եկել համերգներով Խորհրդային Միության բազմաթիվ քաղաքներում և արտասահմանում: Համամիութենական երաժշտական փառատոների մասնակից է: 1980 թ-ից առ այսօր երգեհոն է դասավանդում Կոմիտասի անվան կոնսերվատորիայում: 1999 թ. լույս տեսավ նրա առաջին սիրավեպը, որը նշանավորեց հայ արդի սիրավեպի սկզբնավորումը: Կարինե Աղաբեկյանը տասը սիրավեպերի հեղինակ է:Ամուսնացած է: Ամուսինը` Ալեքսանդր Աղաբեկյանը, ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր է: 1993թ-ից` հրատարակիչ, 1998թ. հիմնել է"Գիտանք Ա" գիտա-կրթական և մշակութային հիմնադրամը, որը հրատարակում է մասնագիտական և գեղարվեստական գրքեր:
Նրանց որդին` Տիգրան Աղաբեկյանը, ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը, այնուհետև Ամերիկյան համալսարանը` որպես գործարար կառավարման մագիստրոս: Ամուսնացած է, ունի երկու զավակ` Վիկտորյա և Հայկ:Երբ հայրիկս այլևս չկա, հիշողությանս մեջ մոռացված դրվագներ են հայտնվում` ավելի ամբողջական դարձնելով նրա լուսավոր կերպարը` կերպարը մի մարդու, որը չէր սիրում տխրել և ջանում էր վայելել իր ապրած ամեն մի օրվա հաճույքը: Օր, որը հագեցած էր լինում լարված աշխատանքով, հանդիպումներով գործընկերների ու մտերիմ ընկերների հետ, երբեմն էլ կերուխումներով ուրախ սեղանի շուրջը: Նա ամեն ինչի համար ժամանակ էր գտնում` գրելու, դասավանդելու, դասախոսություններ կարդալու, ճամփորդելու, կուշտ ճաշելուց հետո գոնե մեկ ժամ քնելու (ինչը, ըստ բժիշկների, խստիվ հակացուցված է), նարդի խաղալու և ընկերների ու բարեկամների հետ շփվելու համար: Եվ ամեն ինչից` նույնիսկ իր խիստ զբաղվածությունից, հաճույք էր քաղում: Տանել չէր կարողանում պարապությունը. եթե տանն էր և չէր հանգստանում կամ նարդի խաղում, ապա գրիչը ձեռքին էր:Առավոտը սկսում էր երգելով, երբ սափրվում էր:Վատ տրամադրությունը երգելով էր ցրում: Ընդհանրապես, զգացմունքային զեղումների առումով նա իրեն չէր սահմանափակում: Կարող էր գոռալ, իսկ անմիջապես հետո երգել ու կատակել: Չէր սևեռվում տհաճ բաների վրա. լավատես էր ամեն ինչում: Իրեն վատ զգալիս երբեք չէր խոստովանում: Սովորաբար, հիվանդությունը ոտքի վրա էր անցկացնում:Ինչպես ավելի ուշ պարզվեց սրտագրությունից, միկրոինֆարկտն էլ էր ոտքի վրա տարել:Հայրիկը սիրում էր ամեն առիթով փոքրիկ տոնախմբություններ կազմակերպել: Նույնիսկ մեր առօրյա կյանքի մեջ փորձում էր ինչ-որ տոնական բան մտցնել: Ժպիտով եմ հիշում մեր "պատվերով ճաշերը", որոնք բոլորիս սրտովն էր` բացառությամբ երևի թե մայրիկիս: Հայրիկը որոշել էր, որ շաբաթվա հինգ օրերին (մեր ընտանիքի անդամների քանակով) մայրիկս պետք է հերթով պատրաստի մեր սիրած ճաշերը: Չգիտեմ ինչու տպավորվել է, որ հայրիկս միշտ ռոստբիֆ էր պատվիրում` մակարոնով ու լոլիկի թացանով: Իսկ թե մենք ինչ էինք պատվիրում, արդեն չեմ հիշում: Մեկ էլ լավ տպավորվել է, թե ինչպես էր որևէ բանկետից հետո տուն գալով` կանչում.
- Գոհար, սոված եմ, հաց ու պանիր բեր:
- Այ Վարազդատ, մարդ էլ բանկետից սոված կգա, - դժգոհ արձագանքում էր մայրիկը:
Եթե մենք քնած չէինք լինում, ապա ստիպում էր միանալ իրեն: Եվ այդ հաց ու պանիրն այնպիսի ախորժակով էր ուտում, որ անհնար էր դիմանալ գայթակղությանը: Նա ընդհանրապես չէր սիրում մենակ հաց ուտել:Դա մի ամբողջ արարողակարգ էր. ամեն ինչը պետք է տեղը տեղին լիներ` իր բերած գինով, իր ձեռքով դրած թթվով, ժաժիկով և այլնով հանդերձ... Ինչ ուզում է լիներ, հայրիկն անպայման պետք է աշնանը գնար Եղեգնաձոր`տնական կարմիր գինի բերելու: Եվ նույնն էլ արեց իր կյանքի վերջին աշնանը, երբ նրան ընդամենը մի քանի ամսվա կյանք էր մնացել: Ես ու եղբայրս` մտահոգված նրա առողջությամբ, խնդրեցինք, որ հանկարծ մտքովը չանցնի ճամփա ընկնել գինու հետևից. - Պապ ջան, կմրսես, կվատանաս... Դու մի գնա, Ռաֆիկը կգնա, կբերի...
- Հա, լավ, մի անհանգստացեք, ոչ մի տեղ էլ չեմ գնա:
Եվ ինչ, առանց մեզ մի բան ասելու, եղբորս կնոջ` Արմինեի հետ, որը վերջին ամիսներին խնամում էր նրան, նստել էր իր տաքսիստ ընկերոջ մեքենան ու գնացել Եղեգնաձոր`գինի բերելու: Եվ, ինչպես միշտ, ավանդական կարմիր գինին անպակաս էր նրա վերջին ծննդյան օրվա և վերջին Ամանորի տոնական սեղանից: Ինչպես նաև հաջորդ տարվա Ամանորի սեղանից, որի շուրջը, ինչպես միշտ, հավաքվել էին Վարազդատ Հարությունյանի հարազատները, ընկերներն ու հարևանները, բայց արդեն առանց նրա...
Քո անմահ հիշատակի կենացը, հայրիկ:



Վարազդատ
Հարությույանը երգում է Ակադեմիկոս Մարտին Կասյանի հոբելյանական ճաշկերույթին:



Կարինեն իր մայրիկի` Գոհարի գրկում:


Աջից ձախ նստած.Թամարա Թումանյան,Լուսիկ Սարյան (Մարտիրոս Սարյանի տիկինը),Եկատերինա Սարյանը (Մարտիրոս Սարյանի քույրը): Կանգնած են, աջից ձախ`Գոհար Քանքանյան, Վարազդատ Հարությունյան, Մարտիրոս Սարյան,Լազր (Զարիկ) Սարյանը, Արաքսյա Սարյանը, Սոֆյան (Արաքսյայի մայրը), Արծրուն Հարությունյանը (Արաքսյայի Հայրը):



Գոհար Քանքանյանը և Վարազդատ Հարությունյանը (60 ական թվականների սկիզբ):


Գոհար Քանքանյանը Վարազդատ Հարությունյանը:Մինչպատերազմյան լուսանկար (1939-1940 թթ)



Գոհար Քանքանյան և Վարազդատ Հարությունյան:Լուսանկար արծաթյա հարսանիքի կապակցությամբ:Քառորդ դար միասին:



Գյուղական երիտասարդ ուսուցիչ:



Թիֆլիսի դժվարին տարիների հիշատակ:



Սիրելի թոռնիկ Մարտինի հայրենասիրական դաստիարակության կարևորագույն մասը` ճարտարապետական հուշարձանների այցելություններն էին:Ժամանակին նույն ճանապարհով անցավ Մարտինի հայրը`Ռաֆայելը:



Գերդաստանի պաշտելի ավագը, մեր բոլորի սիրելի անչափ և անսահման չարչարանքներով անցած Կալիփսե տատիկը`Վարազդատի մայրը:



3 որբուկ եղբայրները,ձախից աջ` վաղամեռիկ Աղասին,Արծրունին և Վարազդատը:



Ռոմանտիկ ծրագրերով առլեցուն Թիֆլիսի դպրոցի շրջանավարտ Վարազդաը:



Նստածը Արաքսյան է (Ալիկոն),կանգնածը Ռաֆայելը (Ռաֆիկը) , հորեղբայր Արծրունու Լենինականի տան (Կիրովի փողոցի) պատշգամբում:Այս նույն կազմով 2008 թվականի աշնանը վերանվանված Ռիժկովի փողոցի շենքի շքամուտքի մոտ հուշատախտակի բացման արարողությանը մասնակցեցին:


ԱՇԽԱՐՀ ԵԿԱՎ ՆԱԽՇՈՒՆ ԹՈՌՍ ՄԱՐՏԻՆԸ


ՈՐԴՈՒՍ ՈՏՆԱՀԵՏՔԵՐՈՎ
©  Բոլոր իրավունքները պաշտպանված են Created by europ INNET Web Studio