Հղումներ Վրացական ոտնձգություններ Ադրբեջանական ոտնձգություններ Ծառայություն Եկեղեցուն Հայկական հուշարձաններ Մենու 6 Հավորժության ճամփորդը Պարգևներ
ՀՀԳԱԱ ԱԿԱԴԵՄԻԿՈՍ ՎԱՐԱԶԴԱՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԿԱՅՔ
Ընտանիք   Հարազատներ   Պատանեկություն   Վանեցիների հայրենակցական միություն   Հայկական երգերի կատարումներ   
 


ԵԼՈՒՅԹ՝ ԱՐՏԱՍԱՆՎԱԾ ՎԱՐԱԶԴԱՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՅԱՆԻ
ԾՆՆԴՅԱՆ 85-ԱՄՅԱԿԸ ՆՇԵԼԻՍ

Եթե մեր այս ընդարձակ համաժողովը Վարազդատ Հարությունյանի կյանքին ու գործունեությանը նվիրված գիտական նստաշրջան լիներ, որին լիովին արժանի է վաստակաշատ հոբելյարը, ապա այդ նստաշրջանում կկարդացվեր առնվազն վեց զեկուցում, վեցն էլ հարուստ նշանակալից գործեր և իրադարձություններ արտացոլող նյութերով:
Զեկուցում առաջին - Վարազդատ Հարությունյանը հայ ժողովրդի հետ սերտաճել է նրա բախտին ու ճակատագրին, որ 20-րդ դարում եղավ ավելի շատ ողբերգական, քան երջանիկ, չնայած մենք ապրել ենք երջանկության պահեր՝ մաքառումների, ստեղծագործելու բազմաշերտ հյուսվածքում:Ծնվել է նա հնագույն Վան քաղաքում՝ ինքն էլ չգիտի, թե երբ: Ծնողներն իհարկե գիտեին, բայց երբ պայթում է Մեծ եղեռնի ու թոհուբոհի ամպրոպը, ամեն ինչ մոռացվում է: Դերձակ հայրը, մայրը, երեքական քույրերն ու եղբայրները գաղթում են դեպի Էջմիածին: Ամբողջ ընտանիքը հիվանդանում է տիֆով, մահանում է եղբայրը: Հայրը հիվանդներին փոխադրում է Թիֆլիս, որտեղ ինքը մահանում է, Վարազդատը քրոջ՝ Սիրանույշի և մեծ եղբոր՝ Արծրունի հետ հայտնվում են որբանոցում: Երբ բժիշկները որոշում են նրա տարիքը՝ 1909թ. ծնված ու հարցնում՝ ո՞ր ամիսը գրենք, Վարազդատը պատասխանում է՝ "Նոյեմբերի 29-ին, Հայաստանի խորհրդայնացման օրը": Այսպիսին է որբուկի ձգտումը՝ իր բախտը կապել հարազատ ժողովրդի հետ:
Այնուհետև՝ դպրոց, որն ավարտում է 1927-ին: Այնուհետև՝ ուսուցչություն Լոռվա գյուղերում, իսկ 1931-ին Լոռվա չքնաղ հուշարձանների տպավորությամբ համայված, բախտը նրան բերում է Երևանի շինարարական ինստիտուտի ճարտարապետության բաժինը: Այստեղ նա մտերմանում է համակուրսեցիների, գեղեցիկ ու շնորհալի օրիորդ Գոհար Քանքանյանի հետ և երրորդ կուրսում, ես կասեի, կյանքի դժվարին պայմաններին դիմանալու, իրար նեցուկ լինելու ենթագիտակցությամբ, նրանք ամուսնանում են:Առաջին զավակը՝ Ռաֆիկը, ծնվում է ինստիտուտն ավարտելուց հետո՝ 1937-ին, իսկ երկրորդը՝ Կարինեն, պատերազմից հետո՝ 1945-ին:Սկսվում է ապրելու և աշխատելու մի երկարատև ժամանակաշրջան՝ լի հոգսերով ու համառ ջանքերով: Մեծ դժվարությամբ կառուցում է մենատունը՝ իր մեծ բարեկամներ Ռաֆո Իսրայելյանի, Արա Սարգսյանի, Մարտիրոս Սարյանի և Հակոբ Կոջոյանի հարևանությամբ: Այդ հարևանությունը միայն պրոֆեսիոնալ չէր, այլ լիարժեք և մտերիմ բարեկամություն՝ ընտանիքներով, փոխադարձ ճաշկերույթներով, համատեղ որսի մսով, Աղավնաձորի չքնաղ գինիներով:Ավելորդ չի լինի հիշել, որ Վարազդատ Հարությունյանը հատուկ կոստյում ունի ճաշկերույթների ու խաշերի համար:
Զեկուցում երկրորդ - Վարազդատ Հարությունյանը՝ մանկավարժ: Աշխատանքային գործունեությունը սկսել է շատ վաղ որպես մանկավարժ՝ դպրոցի դասատու և տնօրեն, 1927-1931թթ. Ալավերդու շրջանի Շնող և Արճիս գյուղերում, մանկավարժական հակումները նրա ամբողջ կյանքի ուղեկիցն եղան:Ինստիտուտը գերազանց ավարտելուց հետո, մնում է ճարտարապետական ամբիոնում որպես ասիստենտ, իսկ մեկ տարի անց՝ արդեն շինարարական ֆակուլտետի դեկան, իսկ 1942-1945թթ.՝ ինստիտուտի ուսումնական մասի պետ:1945-ին նշանակվում է ինստիտուտի ճարտարապետության ամբիոնի վարիչ, այդ պաշտոնը վարելով 45 տարի, դառնալով այդ ամբիոնի կենդանի պատմությունը:Վարազդատ Հարությունյանը սիրում է մանկավարժությունը. հայ ճարտարապետության վաղ և ուշ միջնադարի, ավելի ճիշտ է ասել, բոլոր դարաշրջանների պատմությունը հոգեհարազատ է նրան: Նա սիրով ու պատասխանատվությամբ է մատուցում հայ ճարտարապետության պատմության դասընթացը: Սիրով, բայց օբյեկտիվորեն է վերաբերվում ուսանողներին: Նրա ջանքերով ստեղծված է լուսապատկերների և նկարների մի ամբողջ շտեմարան, որից օգտվում են նաև երիտասարդ դասախոսները: Նա մասնագիտական բարձր մակարդակով է վարում նաև անտիկ աշխարհի ճարտարապետության պատմության դասընթացը:Վարազդատ Հարությունյանի ջանքերով են ստեղծվել ճարտարապետական մասնագիտացումները, այդ թվում՝ ճարտարապետական հուշարձանների պահպանության և վերականգնման: Որպես համակարգման հակում ունեցող մանկավարժ, նա գրանցած ունի մեր ամբիոնով անցած հազարավոր ուսանողների տվյալները, լինեն նրանք հայրենիքում, թե սփյուռքում, սերտ նամակագրական կապեր է պահպանում նրանց հետ:Որպես ամբիոնի վարիչ Վարազդատ Հարությունյանը բազմիցս մասնակցել է ճարտարապետության բաժնի շրջանավարտների դիպլոմային նախագծերի համամիութենական ստուգատեսներին և իր ակտիվ մասնակցությամբ նպաստել ԽՍՀՄ-ում ճարտարապետական կրթության մակարդակի բարձրացմանը:
Զեկուցում երրորդ - Վարազդատ Հարությունյանը՝ գիտնական: Վաղ դրսևորվեցին հոբելյարի ուսումնասիրական և գիտական հակումները, դեռևս ուսանողական տարիներին: 1932-1933թթ. նա խմբագրել է "Սովետական ճարտարապետ" ինստիտուտային բազմատպաքանակ թերթը: Ավարտելուց հետո՝ ասպիրանտուրա, մասնակցել է Դվինի պեղումներին, 1940-ին հրատարակվել է նրա առաջին հոդվածը: Այնուհետև թեկնածուական դիսերտացիա՝ "Դվինի 5-7-րդ դդ. ճարտարապետությունը" թեմայով. պաշտպանելուց հետո ծավալել է գիտական լայն գործունեություն:"Արուճի տաճարի թվագրման առթիվ" աշխատությամբ Վարազդատ Հարությունյանն ի հայտ եկավ որպես խոտումնալից գիտնական, հետագայում ճանաչում ստացավ իր նորանոր աշխատություններով ու հիմնարար մենագրություններով: (Հիշատակում է դրանց 20-ից ավելի ցուցակը):Մենագրությունների այս ոչ լրիվ ցուցակը, հարյուրավոր գիտական և հանրամատչելի հոդվածները, գիտական զեկուցումները ելույթների հետ կազմում են գիտնականի վաստակը, որի համար 1978-ին արժանացավ Թ. Թորամանյանի անվան մրցանակին՝ "Հայ ճարտարապետության պատմությանը և տեսությանը նվիրված նոր և մեծարժեք աշխատությունների համար" խորագրով:
Զեկուցում չորրորդ - Վարազդատ Հարությունյանը՝ ճարտարապետական հուշարձանների պահպանության և վերականգնման բնագավառի գործիչ: Համաձայնենք, որ այլ բան է լինել հայ ճարտարապետության ուսումնասիրող գիտնական և բոլորովին այլ է՝ լինել դրանց պահպանման և վերականգնման գործի անմիջական մասնակիցը: Վարազդատ Հարությունյանը ոչ միայն մասնակից է եղել, այլ այդ գործով ապրող և տառապող մի մարդ: Դեռևս 1945-ից նա վարել է Հնությունների պահպանության կոմիտեի նախագահի պաշտոնը: Զուգահեռաբար չափագրել ու վերակազման աշխատանքներ է տարել պաշտամունքային և աշխարհիկ շենքերում: 1951-1953թթ. վարել է ՀՍՍՀ ԳԱ արվեստի տեսության և պատմության սեկտորի վարիչի պաշտոնը: 1964-ին ընտրվել է Պատմական հուշարձանների պահպանության հայկական ընկերության հանրապետական խորհրդի նախագահի առաջին տեղակալ, իսկ 1977-ից մինչև օրս՝ նախագահ: Ընկերության միջոցներով և օգնությամբ վերականգնվել և ամրացվել են բազմաթիվ հուշարձաններ, որոնց թվում՝ Գնդեվանքը, Հայրավանքը, Վանեվանի համալիրը, Դաշտադեմի Ս. Քրիստափոր, Ամբերդի, Արենիի, Գառնահովտի եկեղեցիները, հրատարակվել՝ գիտահանրամատչելի գրականություն մեր պատմաճարտարապետական հուշարձանների մասին:
Զեկուցում հինգերորդ - Վարազդատ Հարությունյանը՝ պետական-հասարակական գործիչ: Ակտիվ մարդը չի կարող չլինել ակտիվ գործիչ: Ես արդեն նշեցի, որ նա դեռևս ուսանող խմբագրել է "Սովետական ճարտարապետ" թերթը, 1945-1948թթ. վարել է Հայաստանի կառավարությանն առնթեր ճարտարապետական գործերի վարչության պետի տեղակալի, 1945-1951թթ. Հնությունների պահպանության կոմիտեի նախագահի, այնուհետև՝ Հայաստանի ճարտարապետների միության վարչության նախագահի տեղակալի, իսկ 1962-1974-ին՝ վարչության նախագահի պաշտոններ: Մեր ստեղծագործական միությունը ղեկավարելիս՝ հանդես է բերել կազմակերպչական մեծ ունակություններ, նպաստել ստեղծագործական կապերի ընդլայնմանը: Նա այսօր էլ մնում է Հայաստանի ճարտարապետների միության ակտիվ գործիչներից մեկը:Ընդարձակ է եղել նրա հասարակական գործունեության ոլորտը. Սփյուռքահայության հետ մշակութային կապերի կոմիտե, "Գիտելիք" ընկերություն, Պատմական հուշարձանների պահպանության հայկական ընկերություն, Սուրբ Էջմիածնի Մայր Աթոռին առընթեր ճարտարապետական հանձնաժողովի անդամ, նախագահ:ՀՀ արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչումը, շքանշաններ ու բազմաթիվ պարգևներ վկայում են նրա բազմաոլորտ, նվիրյալ գործունեության մասին:
Զեկուցում վեցերորդ - Վարազդատ Հարությունյանը՝ երգիչ. այո՛, այո՛ երգիչ: Եթե վերը թվածս նա ձեռք է բերել համառ, ամենօրյա, սիստեմատիկ ու ակտիվ աշխատանքի շնորհիվ, ապա երգիչ նա ծնվել է, երգիչ նա դարձել է բնությունից օժտված, բնության կամ Աստծո կողմից տրված ձիրքի, տաղանդի շնորհիվ, իսկ տաղանդի հանդեպ, ինչպես գիտեք, մարդիկ և հասարակությունը առանձնակի ջերմ զգացմունք են ցուցաբերում: Վարազդատի ձայնը չի մշակվել, չի անցել պրոֆեսիոնալ հղկման բովով: Նա երգեցողություն է սովորել ընդամենը միջնակարգ դպրոցում, թեկուզ լավ ուսուցիչների՝ Արմենակ Տեր-Աբրահամյանի, Արմեն Տիգրանյանի ու Դանիել Ղազարյանի ղեկավարությամբ: Երգելիս՝ Վարազդատի ոչ թե ձայնն է հնչում, նրա հոգին է երգում, տառապած սրտի հոգին, իր ազգի, ժողովրդի նկատմամբ ունեցած խորը զգացմունք է, որ այդքան հաճությամբ թափանցում ու խառնում է ունկնդրի ներաշխարհը. թող ներվի ինձ, բայց մի զուգահեռ եմ ուզում անցկացնել:Տասնամյակներ առաջ, Ավետիք Իսահակյանը լսելով Վարազդատին, զարմացել էր, որ կրթությամբ ճարտարապետը այդպիսի հոգեզմայլ ձայնի է տիրապետում:Վարազդատի երգն այդպիսին է. նա չի կարող չերգել, ինչպես չէր կարող չսիրել մորը, ժողովրդին: Ամբողջ կյանքում նա երգելու հոգեկան պահանջ է ունեցել: Այդպես են ծնվել նրա աննման "Դլե-յամանը", "Աղջի մարանը", "Ծիրանի ծառ","Գետակի վրա" և շատ ու շատ երգերը:Թող ներեն ինձ երաժշտագետները, բայց ոչ մի պրոֆեսիոնալ երգիչ վերոհիշյալ երգերի կատարմամբ չէր կարող մրցել Վ.Հարությունյանի հետ:Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել նրան երգի այն գեղեցիկ ու հուզիչ պահերի համար, որ նա պարգևել է, երևի, այստեղ նստած յուրաքանչյուրին, շատերին:
Կարծես թե ամբողջացավ Վարազդատ Հարությունյանի կերպարը: Բայց ոչ, չէ՞ որ նա դեռևս շարունակում է, ես կասեի՝ երիտասարդական ավյունով աշխատել ու ստեղծագործել: Այս դժվարին օրերին, երբ պրոֆեսորի ամսական վարձատրությունը չնչին է, Վարազդատ Հարությունյանը շարունակում է իր հայրենասեր գործունեությունը: Դրանում է նա տեսնում ժողովրդի զավակ կոչվելու իրավունքը: Եթե չունես անսահման նվիրվածություն, չես կարող համարվել ժողովրդի արժանավոր զավակ:
Ցանկանանք Վարազդատ Հարությունյանին երկարատև առողջություն, ժողովրդի հետ ապրելու երջանկություն ու բարգավաճ տարիներ:

Մարտին Միքայելյան
վաստակավոր ճարտարապետ

Տեքստը՝ Մ. Միքայելյանի անձնական արխիվից
©  Բոլոր իրավունքները պաշտպանված են Created by europ INNET Web Studio